Արդեն 4-րդ անգամ անցկացվող Digitec Բիզնես ֆորումին այս տարի կմասնակցի Սինգապուրից ժամանած պատվիրակություն, որը կներկայացնի ամենաաղքատ երկրից ամենազարգացող պետություններից մեկը դառնալու սինգապուրյան փորձը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Բիզնես ֆորումին զուգահեռ կանցկացվի նաև հայ-վրացական բիզնես-ֆորում, որի նպատակն է խթանել երկու երկրների բիզնես համագործակցությունը»,-նշեց Վարդանյանը:
Ֆորումի նպատակն է ապահովել բիզնեսի ու ՏՀՏ ծառայություններ առաջարկող ընկերությունների երկխոսությունը, աջակցել ՏՀՏ լուծումների ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
«Ժամանակն է, որ հայկական ընկերություններն ավելի մեծ ուշադրություն դարձնեն ՏՀՏ ծառայություններ մատուցող տեղական ընկերություններին, որոնք ոչնչով չեն զիջում արտասահմանյաններին»,-ասաց «Արմենտել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում , որին զուգահեռ կանցկացվի նաև Մայքրոսոֆթ Նորարարության ֆորումը (Microsoft Innovation Forum):
Մի շարք ընկություններ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը. «Ֆորումի մասնակիցներն ու այցելուները հիմնականում ամենաառաջադեմ ընկերություններն են: Այն ընկերությունները, որոնց համար տեխնոլոգիաների կիրառումն էական չէ, հիմնականում ոչ մրցակցային դաշտում են գտնվող: DigiTec բիզնես ֆորումին մասնակցում են այն ընկերությունները, որոնք լուրջ ամբիցիաներ ունեն իրենց բնագավառում, և այդ ամբիցիաներն իրականացնելու, ժամանակակից ու արդիական լինելու համար բիզնես լուծումներ կիրառելու անհրաժեշտություն են տեսնում»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), իսկ գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:




