Մայիսի 20-ին ժամը 15:50-ի սահմաններում ամբողջությամբ խափանվել էր կապը «Ֆայբերնետ» ընկերության ցանցի և ինտերնետ հասանելիություն մատակարարող բոլոր այլ միջազգային ցանցերի միջև: «Ֆայբերնետ» ընկերությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են ժամանել ինչպես ընկերության, այնպես էլ «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները և հայտնաբերել են մալուխի վնասված հատվածը: Նշենք, որ «Ֆայբերնետը» վարձակալում է մալուխը «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ից:
Պարզվել է, որ վնասված հատվածում կտրված է ինչպես առաջին արտաքին պաշտպանիչ խողովակը, այնպես էլ երկրորդ պաշտպանիչ խողովակը և ինքը՝ մալուխը: Պատկերն առավել հստակ է դառնում տեղում կատարված լուսանկարները զննելիս:
«Հիմք ընդունելով կատարված լուսանկարները` մենք հակված ենք ենթադրել, որ խողովակները և մալուխը կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ»,- հաղորդում են «Ֆայբերնետ»-ից:
«Ֆայբերնետ» և «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությունների աշխատակիցների օպերատիվ և համաձայնեցված գործողությունների շնորհիվ մալուխի վնասված հատվածը վերականգնվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: Իրավիճակին համապատասխան «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների կողմից կազմվել է տեղի ունեցածի վերաբերյալ ակտ, և տարվում է հետաքննություն:
«Հակառակ տարածված կարծիքի այն մասին, որ սա մրցակիցների կողմից կատարված գործողություն է, մենք հակված չենք այդպես մտածել: Չնայած շուկայում տեղ գտած բավական լուրջ մրցակցության՝ մենք կարողանում ենք պահմանել մեր մրցակիցների հետ առողջ հարաբերությունների մթնոլորտը»,- հայտարարում են «Ֆայբերնետ»-ի ներկայացուցիչները:
Մասնավորապես նմանատիպ պատահարների հետևանքներից խուսափելու նպատակով «Ֆայբերնետ» ընկերությունը բանակցություններ է վարել իր մրցակից ընկերությունների հետ, նրանցից ստացել հստակ կոմերցիոն առաջարկներ, որոնք թույլ կտան ձեռք բերել պահուստային թողունակություններ:
Նաև վերջերս ընկերությունը մի շարք լուրջ քայլեր է ձեռնարկել ՀՀ տարածքից դուրս գտնվող կապուղիների պահուստայնությունն ապահովելու և որակական չափանիշները լավացնելու ուղղությամբ:
«Ֆայբերնետ» ընկերությունը Հայաստանում գործող հեռահաղորդակցային խոշորագույն ընկերություններից մեկն է, ստեղծվել է 2006 թվականին: Ընկերությունն ունի հեռահաղորդակցման սեփական արդիական ցանց և առաջարկում է ծառայությունների լայն ցանկ` տվյալների տարանցիկ փոխանցում, միջազգային կապուղիների վարձակալություն, ինտերնետի հասանելիություն և այլն: Արտասահմանյան երկրների հետ համագործակցելու հիմնական ուղղություններն են արդեն գործող ուղիների օպտիմալացումը, մալուխային նոր ցանցերի ստեղծումը, ինչպես նաև գոյություն ունեցող կապուղիների թողունակության մեծացումը: Այսօր «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերությունն ելք ունի դեպի Ռուսաստանի և Եվրոպայի հիմնական օպերատորների ցանցեր:




